National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
13.10.2021
ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ ու Հանրային հեռուստաընկերություն
1 / 31

Հոկտեմբերի 13-ին ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամներն այցելել են հեռուստառադիոոլորտը կարգավորող մարմիններ ու Հանրային հեռուստաընկերություն: Պատգամավորների այցի նպատակն է Ազգային ժողովի ու պետական հաստատությունների միջեւ համագործակցության առավել լայն հնարավորություններ ստեղծելուն ուղղված քայլեր ձեռնարկել:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Նարեկ Բաբայանը սկզբում եղել են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում:

Պատգամավորները հանդիպել են ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի եւ կառույցի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահը նշել է, որ նախորդ տարի ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, որի կիրարկումից հետո փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջացել:

ՀՌՀ նախագահը նշել է, որ վերոնշյալ օրենքի վերաբերյալ հանձնաժողովը ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք մասամբ ընդունվել են: Տիգրան Հակոբյանը վերահաստատել է փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ որոշ դրույթներ հակասում են հարակից օրենքներին: ՀՌՀ նախագահը, ներկայացնելով իրենց հիմնական գործառույթները, ընդգծել է, որ նախատեսվում է ձեւավորել վերլուծական բաժին:

Զրուցակիցները, խոսելով իրենց ապագա ծրագրերից, կարեւորել են ինտերնետ մեդիաոլորտի կարգավորումը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ սոցիալական գովազդին՝ ընդգծելով, որ ոլորտը կարգավորման կարիք ունի:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել՝ ծանոթանալով կառույցի պայմաններին:

Այնուհետեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներն այցելել են Հանրային հեռարձակողի խորհուրդ եւ հանդիպել խորհրդի նախագահ Արա Շիրինյանի, անդամներ Վահրամ Մարտիրոսյանի, Վահագն Թեւոսյանի եւ Արամ Սուքիասյանի հետ:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, ներկայացնելով իրենց հիմնական գործառույթները, ընդգծել է, որ աշխատանքի կանոնակարգման անհրաժեշտություն կա, ինչը կարող է իրականացվել միայն օրենսդրական ճանապարհով: Խոսքը վերաբերում է Կառավարություն-խորհուրդ, խորհուրդ-կառույցներ ներքին կանոնակարգին:

Զրուցակիցներն ի թիվս այլ հարցերի անդրադարձել են մշակութային հեռուստաընկերություն ունենալու անհրաժեշտությանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամների հանդիպումների շարքը շարունակվել է նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում: Նրանք հանդիպել են հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի ու գործադիր տնօրենի տեղակալ - գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ: Վերջիններս ներկայացրել են աշնանային նոր եթերաշրջանի հաղորդումներն ու հետաքրքիր նախագծերը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ հանդիպումների նպատակը ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունների քննարկումն է դրանք շրջանառության մեջ դնելուց առաջ: Այս համատեքստում նշվել է, որ կան մի շարք օրենքներ, որոնք փոփոխելու, արդիականացնելու անհրաժեշտություն ունեն: ԱԺ գլխադասային հանձնաժողովի անդամները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ցանկացած հարցի առնչությամբ հանձնաժողովում կազմակերպել քննարկումներ՝ լուծելու առկա հրատապ խնդիրները: 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am